Բնական է, որ կադրերի ռեզերվ ուղարկելը ոչ ոքի չի գոհացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի կողմից իր եղբորը Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու որոշմանը: «Նա սպասում է  առաջարկի: Կլինի առաջարկ, լավ, չի լինի առաջարկ, խնդիր չկա:  Այս ընթացքում նոր աշխատանքի առաջարկ չի ստացել: Բայց եթե առաջիկայում աշխատանք չստանա, կընդունվի մեկ այլ տեղ աշխատանքի: Այս պահին սպասում ենք կոնկրետ առաջարկի»,- արձագանքեց Սուքիաս Ավետիսյանը:

Ավելի վաղ նա հայտնել է, թե չի պատրաստվում միջնորդել, որ ոստիկանության համակարգում 23 տարվա աշխատանքային փորձ ունեցած եւ օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված եղբորը նոր աշխատանքի ընդունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով Aravot.am կայքը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել էին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: