Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության եւ երեւանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ եւ ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:
Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:
Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաեւ «Բարեկամություն» պետական համույթի սաները:
Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով արտահայտվել են համերգի ավարտից հետո:



























