Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անարդար է համարում երկրում գործող ցմահ ազատազրկման մասին օրենքը:
Այսօր՝ հուլիսի 4-ի մամուլի ասուլիսում, Կարեն Անդրեասյանը հիշեցրել է տարիքային շեմը 18-ից մինչեւ 21 տարեկան բարձրացնելու անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ համապատասխան օրենսդրական նախագիծ ներկայացվել էր դեռեւս 2012թ.: «Սակայն սա այն թեման չէ, որտեղ քաղաքական գործիչները կարող են պարծենալ, եւ ակնհայտ է անտարբեր վերաբերմունքը: Վիճակն այնպիսին է, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների դրության հետ ծանոթանալը կարող է քարից էլ արցունք քամել», - ընդգծել է Կարեն Անդրեասյանը, հավելելով, որ հարցին մտադիր է անդրադառնալ աշնանը:
Ըստ Կարեն Անդրեասյանի՝ հարցը միայն տարիքային շեմը բարձրացնելը չէ, այլ մարդուն հավատ եւ ուղղվելու հնարավորություն տալու անհրաժեշտությունը, գործը վերանայելու հնարավորությունը: «Որոշ դեպքերում պատիժը հանցագործությունից սարսափելի է: Ցմահ դատապարտվածների մեջ կան մարդիկ, որոնք մարդ են սպանել պատահաբար, որոնց դատավճիռը կայացվել է դեռ խորհրդային ժամանակներում», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը:





























