Վճռաբեկ դատարանն այսօր` հուլիսի 4-ին, բավարարեց «Հրապարակ» օրաթերթի վճռաբեկ բողոքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ առաջին ատյանը իրենց օգտին էր վճիռ կայացրել, հետո Վերաքննիչ դատարանում «համը հանել էին»: Ի դեպ, այն դատավորը, որը կայացրել էր այդ վճիռը, այժմ ազատված է աշխատանքից: «Ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ նաեւ մեր գործն է դեր խաղացել, որովհետեւ,ըստ էության, անօրինական վճիռ էր, ինքը վերցրել էր եւ կամայական ձեւով հայցի հիմք էր փոխել, որի իրավունքը չկա: Վճռաբեկ դատարանը օրենքի տառն է պահել, եւ ես ուրախ եմ»,- ասաց նա:
Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այն ենթակա չէ բողոքարկման:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը եւ ուժի մեջ թողնվեց Կենտրոն եւ Բորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այսպիսով «Հրապարակ» օրաթերթը հաղթեց դատական գործը:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հուլիսի 30-ին, մերժել էր «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցն` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Սկզբից Մարգարիտա Խաչատրյանը «Հրապարակից» պահանջում էր 2մլն 40 հազար դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իր տղայի անունը շահարկելու համար, այնուհետեւ հրաժարվեց այդ պահանջից, մնաց հերքման պահանջը:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի նյութի պատճառով Մարգարիտա Խաչատրյանը, «Հրապարակի» փոխանցմամբ, ներխուժել էր թերթի խմբագրություն, ծեծկռտուք էր սարքել, կոտրել էր բաժակներն ու մարմնական վնասվածք հասցրել խմբագիր Արմինե Օհանյանին: Լրագրողները ահազանգել էին ոստիկանություն, որը տեղ է հասել բավականին ուշացումով: Թերթի խմբագիրը ոստիկանությունում ցուցմունք էր տվել տեղի ունեցածի առթիվ: Ավելի վաղ էլ Մարգարիտա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.«Ես վիրավորանք կուլ չեմ տա, «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում ինձ վիրավորել են, ես էլ նրանց եմ վիրավորել, քաշքշուկ էլ է եղել, չեմ հրաժարվում, որ նման բան եղել է, ու քաշքշելու եմ: Իմ զոհված մինուճար տղայի անունը տա՞, ասի տղայիդ արյունը ծախո՞ւմ ես»,-ասել էր նա





























