Վանաձոր քաղաքի բնակիչ, 1951թ-ին ծնված Ռոբերտ Ղազարյանը, ով կույր է, արդեն հինգ օր է՝ 12-ամյա որդու հետ փողոցում է գիշերում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին ահազանգել են վերջինիս ճանապարհին հանդիպած մարդկանցից մեկը, ով էլ կույր ծերունուն տարել է իրենց խանութ, մինչև որ պատկան մարմիններ կմտածեն նրան կացարան տալու մասին: Ռոբերտ Ղազարյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու 12-ամյա տղան բնակվելիս են եղել վարձով բնակարանում, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով նրանց դուրս են արել տանից. «Մի քանի օր մնացի վակզալում, երեխուս հետ, մարդիկ բերում հաց էին տալիս, շոր…հետո էրեկ միլիցեքն եկան դուրս արեցին էդտեղից, տղուս վերցրի էկանք քաղաքային սադ, գիշերի բեսետկի մեջ ենք քնել, հագիս շորը երեխուս վրա էի գցել,….էսօր էլ տղուս հետ գնացինք սոցիալական, որ իբր տենանք՝ ով մեզ մի տեղ կտեղավորի, էդ էլ տղես ասավ, պապա, էսա կգամ ու չկա….ինձ էլ էս մարդիկ բերին խանութ, տեսան, որ ծառերից բռնվելով եմ ման գալիս…էդպես տղա ջան»,- ասաց նա, հավելելով, որ արդեն մի քանի օր է՝ ինչ փորձում են մի տեղ տեղավորվել, սակայն ոչ ոք նրան չի ընդունում. «Նիուժելի էս երկրում վաթսունն անց կույր մարդը մնալու տեղ չունի, ես հլա հեչ, բա երեխես մեղք չի…»:
Խնդրի հետ կապված NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զանգահարել է մի շարք կազմակերպությունների, որոնք պարզապես միայն հեռախոսահամարներ են տվել, մեկ էլ առաջարկել զանգահարել մյուս շաբաթ: Սակայն մինչ պետական պաշտոնյաները մտածում են հանգստյան օրերը վայելելու մասին, կույր մարդը այսօր էլ կմնա փողոցում:





























