Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերն անթույլատրելի են եւ անընդունելի է քաղաքական գործիչների ձերբակալությունները։
Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում են անցկացնելու՝ ճշտելու հետագա քայլերը։
Դավութօղլուն պնդել է, թե մարդկային արժեքները պահպանող բոլոր վարչակարգերին աջակցել են եւ շարունակելու են աջակցել։ «Աջակցել ենք նաեւ եղբայրական Եգիպտոսի ժողովրդի ընտրությանը։ Սակայն ժողովրդավարական ընտրությամբ իշխանության գլուխ եկած Մուհամեդ Մուրսիին բանակի միջամտությամբ հեռացնելը ծայրաստիճան անհանգստացնող է։
Ընտրություններով եկածները գնալու են ընտրություններով։ Անընդունելի է, որ Եգիպտոսում իրենց տրամադրությամբ ձերբակալում կամ տնային կալանքի են ենթարկում քաղաքական գործիչներին»,-հայտարարել է Դավութօղլուն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը: Հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ երկրի Սահմանադրությունը անվավեր հայտարարել: Մուրսին իր Թվիթերում գրել էր, որ «զինված ուժերի հայտարարություններն անընդունելի են բոլոր ազատ մարդկանց համար, որնք պայքարել են հանուն Եգիպտոսի ժողովրդավարության»: Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 3-ի ուշ երեկոյան նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսվում է հուլիսի 4-ին:




























