Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը եւս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները եւ դրանց հնարավոր լուծումներ տալու:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ եւ սպառիչ պատասխաններ:
Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչի բարձրացրած հարցերին դրական լուծում է տրվել, 524 քաղաքացիների բարձրացրած հարցի հետ կապված էլ տեղում ամբողջական եւ սպառիչ պատասխան է տրվել: 259 հարց ընթացքի մեջ է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:





























