Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը բանակցություններ է վարում պաշտպանության նախարար Աբդելֆաթահ աս-Սիսիի հետ՝ զինվորական գերատեսչություն ստեղծելու շուրջ: Այս մասին հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին խորհրդակցություններ կսկսվեն ժամանակավոր կառավարություն ձեւավորելու, մասնավորապես, վարչապետի պաշտոնի թեկնածության շուրջ: Խորհրդակցություններին կմասնակցեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», արդեն կան վարչապետի թեկնածուներ: Մասնավորապես, նշվում է «Դուսթուր» կուսակցության առաջնորդ, ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ-Բարադեյի անունը, այլ քաղաքական գործիչների անուններ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել 2011-ի հեղափոխությանը եւ հունիսի 30-ի բողոքի ցույցին:

Ժամանակավոր կառավարության ձեւավորումը Մանսուրի գլխավոր խնդիրներից մեկն է որպես նախագահի պաշտոնակատար: Կառավարությունը կնախապատրաստի խորհրդարանական եւ արտահերթ նախագահական ընտրություններ: