Հուլիսի 5-7-ին Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը եւ զորամասում տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով եւ Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ:

Գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցումներ, կլինեն նաեւ կլոր-սեղան քննարկումներ: Համերգի ընթացքում կհնչեն ռազմահայրենասիրական երգեր:

2013 թ-ի փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 25-րդ տարին: Այդ որոշումը հաճախ ընկալվում է որպես Արցախյան շարժման սկզբի խորհրդանիշ: Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժեւորելու Արցախյան շարժման նշանակությունը հայոց պատմության նորագույն շրջանի համար: Նման պարագայում «անկախության սերունդը» պարտավոր է գիտական մակարդակով վերհանել Արցախյան շարժման յուրաքանչյուր դրվագ` դարձնելով այն գիտավերլուծական կարեւոր թեմա:

Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել  Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարեւոր դրվագների եւ հետեւանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարեւորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:

Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ):