«Թամարուդ» շարժումը, որը մեծ դերակատարություն է ունեցել Եգիպտոսում վերջին օրերի իրադարձություններում, որոնք հանգեցրել են նախագահ Մուրսիի պաշտոնանկությանը, երկրի ժամանակավոր կառավարությունում վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադեյի թեկնածությունը: Այս մասին նշված է շարժման՝ Facebook-ի պաշտոնական էջում:

Reuters գործակալությունը նույնպես Բարադեյին համարում է վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուն՝ վկայակոչելով Եգիպտոսի զինվորական հրամանատարությունում իր աղբյուրները:

Վարչապետի պաշտոնի համար մյուս թեկնածուներն են նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրին, ով արդեն մեկ անգամ գլխավորել է Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը 2011-2012 թվականներին՝ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո, ինչպես նաեւ Եգիպտոսի ԿԲ ղեկավար Ֆարուք ալ-Օկդան:

Reuters-ի տվյալներով՝ այս հարցով որոշում կարող է կայացվել արդեն այսօր՝ հուլիսի 4-ին: