Շատ դժվար է որոշակի դրական կամ բացասական կարծիք հայտնել Հայաստանի Սահմանադրության մասին. այն մերն է, իսկ բարեփոխումների անհրաժեշտություն միշտ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը` խոսելով Հայաստանի պետական կյանքում Սահմանադրության նշանակության մասին:
«Սահմանդրությունը հիմնական օրենքն է, որի շնորհիվ ապահովվում է պետության կայացումը, այդ տեսակետից մենք միշտ պետք է պատրաստ լինենք բարեփոխումների, քանի որ ժամանակ առ ժամանակ դրա անհրաժեշտություն առաջանում է»,-ասաց Թ. Պողոսյանը` ընդգծելով, որ այդուհանդերձ, մենք դեռ չենք կարողանում իրականացնել այն խնդիրները, որոնք նշված են գործող Սահմանադրությամբ:
Նար խոսքով` Սահմանադրության օրը համընդհանուր հպարտության օր է: «Մենք պետք է ջանանք, որ ամեն օր Սահմանադրությունը կյանքի կոչվի, իակ մենք կարողանանք հպարտանալ նրանով, որ մեր Սահմանադրությունն իսկապես գործում է եւ թույլ է տալիս լուծել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները»,-նշեց պատգամավորը:
Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը:





























