Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը չգիտի, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել եւ  այդ պաշտոնում նշանակել Սուսաննա Նազարյանին, որի դեմ քրեական գործ կա հարուցված՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Այս  մասին այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ինքը՝ Գնել Ռոստոմյան: Նա խնդրեց, որ իր ասածները ոչ մի կուսակցություն չօգտագործի քաղաքական նպատակով, քանի որ ՀՀԿ-ի հնաբնակներից  է եւ հավատարիմ է կուսակցությանը: Ռոստոմյանն այս խնդրով ՀՀԿ-ին չի դմել:

Նա 2004 թվականին է նշանակվել դպրոցի տնօրեն, երբ դպրոցը քանդված է եղել եւ կարճ ժամանակում այն վերանորոգել է: Նախկին տնօրենն ասաց, որ ներկայիս տնօրենն Էջմիածնի ավագ 2-րդ դպրոցի տնօրենն է եղել, ում նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքից ազատել է, իսկ հիմա Արմավիրի մարզպետը նրան ընդունել է աշխատանքի: Նրա խոսքով՝ հավաստագրերի պատճառով բոլոր տնօրեններին ազատել են աշխատանքից եւ նրան նշանակել ժամանակավոր պաշտոնակար: «Իմ հավաստագիր ստանալն այդ պահին չստացվեց, բայց արդեն 1,5 տարի է հավաստագիր ունեմ:  Գյուղապետը, որը նաեւ խորհրդի անդամ էր տարբեր առիթներով հետաձգում էր դպրոցի տնօրենի ընտրությունները: Հիմա նոր ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մինչեւ վերջնական նշանակումը»,- ասաց Գնել Ռոստոմյանը:

Նա նաեւ պատմեց, որ գյուղապետն իրեն մեղադրել է, թե իր դեմ է աշխատում: «Գյուղապետը ընտրությունների ժամանակ ասաց, որ ես իր դեմ եմ աշխատում: Ասել եմ. «Այ տղա, ես ՀՀԿ անդամ եմ, ո՞նց կարող եմ նման բան անել»: Գյուղապետը այդ ամենը պատմել է մարզպետին, մարզպետն էլ աշխատանքից ազատել է: Ես գյուղապետի սադրանքների զոհ եմ դարձել, ով համագործակցում է մարզպետի հետ»,- դժգոհեց Գնել Ռոստոմյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) զուգահեռ դասարանում է սովորել եւ, երբ խորհրդարանական ընտրություններին մրցակցում էին Հակոբ Հակոբյանը եւ Սեյրան Սարոյանը, իրեն կասկածել են Հակոբ Հակոբյանի օգտին աշխատելու համար: «Հակոբ Հակոբյանը մի անգամ ասել էր վախից իմ ընկերները բեղեր դնելով են գալիս իմ մոտ: Իմ վրա են կասկածել: Հարգելի մարզպետ, ես մորուք չունեմ եւ ունեմ մեկ երես ու դրանով եմ ներկայանում: Պարոն մարզպետ այդ դիմակներն ու մորուքները ձեզ համար են: Ես դրա կարիքը չունեմ»,- ավելացրեց Գնել Ռոստոմյանը:

Միաժամանակ, նա պատմեց, որ մի օր էլ ընտրություններից առաջ «պարոն մարզպետը» իրեն հարցրել է, թե քանի ընտրող ունի: «Ասացի 20 ընտրող, որոնցից 15-ը կընտրի ՀՀԿ-ին դեռ մի բան էլ ավելին: Ասաց ինչի բոլորը չեն: Բայց դե ինչի կուրծք ծեծեի գլուխ գովեի: Ես անմնացորդ նվիրվել եմ իմ դպրոցին եւ աշխատանքին»,- ավելացրեց դպրոցի նախկին տնօրենը: Նա ասաց, որ նախագահից փոխաբերական իմաստով է 3 հազար դոլար ուզել, որ տա Աշոտ Ղահրամանյանին, որ իրեն նորից աշխատանքի ընդունեն: Իսկ դատարան չի կարող դիմել, քանի որ ինքը Աշոտ Ղահրամանյանը չէ, որ մարդկանց դատի տա: Պարզապես բարձրաձայնում է անարդարության մասին, որ նման բաներին վերջ տրվի: Նա ասաց, որ մոխրամանի մոխիրը, այլ երկրի հետ չի փոխարինի, բայց այս պահին օտարերկրյա դեսպանատներից մի փոքրիկ անկյուն է խնդրում ապաստանի համար: «Բուրկինա Ֆասոյում էլ տան՝ կգնամ: Հայրենիքն իմն է, բայց երկիրն իմը չի»,- ավելացրեց նախկին դպրոցի տնօրենը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am