Բնապահպանության նախարարությունը Հրազդան գետ կեղտաջրերի թափման համար պատասխանատու է համարում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «ԷկոԼուրը» Բնապահպանության նախարարությանն ահազանգել էր, որ Գինու գործարանի թափոնները լցվում են Հրազդան գետ եւ խնդրել էր ստուգումներ իրականացնել:

Ի պատասխան Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը 2013թ. հուլիսի 1-ի նամակով տեղեկացրել է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում կատարվել է ուսումնասիություն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ աշխատակիցների եւ Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու-օղու կոմբինատի համապատասխան մասնագետի մասնակցությամբ:

Պարզվել է, որ գործարանի արտադրական թափոնները խողովակով Հրազդան գետ չի թափվել, կոմբինատի շուրջ 500մ հեռավորությամբ գտնվող կոյուղագծի փականի վնասման պատճառով կեղտաջրերի որոշ քանակություն թափվել է Հրազդան գետ: Վթարի պատասխանատվությունը կրում է «Երեւան Ջուր» ՓԲ ընկերությունը:

Վթարը վերացնելու պահանջով գրություն է ուղարկվել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինությանը:

ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչությունը հաշվարկում է արտահոսքի հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը»: