Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը վստահեցնում է, թե մաքրել է Ապարանի ջրամբարի տարածքի աղբը, մինչդեռ «Ֆեյսբուքի» օգտատեր Զորիկ Գալստյանի այսօր արված լուսանկարները այլ բանի մասին են վկայում:

Ամեն ինչ սկսվել է նրանցից, երբ «Ֆեյսբուքի» օգտատեր Զորիկ Գալստյանը հրապարակել է Ապարանի ջրամբարի տարածքի լուսանկարները` գրելով, որ այն աղբանոցի է վերածվել: «Մայրուղուց դեպի Ապարանի ջրամբար տանող ճանապարհը անցնում է չքնաղ մի ծառուղու միջով: Սխալված չեմ լինի եթե ասեմ որ նմանը չկա էլ Հայաստանում: Բայց պոռնկորդիները խաչմերուկից մի 200-300 մետր այն կողմ աղբանոց են սարքել: Նկատի չունեմ որ անցնողը աղբ է շպրտել, այլ որ մեքենաներով աղբ է բերած թափած: Մի քանի մեքենա»,-գրել է նա:

Այս գրառման հետ կապված նա սոցցանցում նշել էր մի քանի նախարարի եւ մի պատգամավորի` փորձելով այդկերպ նրանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: «Նախարարներն անտեսեցին գրածս, իսկ պատգամավոր Թեւան Պողոսյանը հարցում արեց Բնապահպանության Նախարարություն ու Արագածոտնի մարզպետարան: Մարզպետարանից զանգեցին, տեղը ճշտեցին, գնացին, խոստացան մաքրել: Հիմա նախարարությունից նամակ է եկել Թեւանին»,- գրել է Զորիկ Գալստյանը:

Իսկ ԲՆ-ի նամակում նշվում է, թե Բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի կողմից Շենավան համայնքի ղեկավարությանը տրված հանձնարարության արդյունքում նշված տարածքը բերվել է պատշաճ տեսքի:

Սահայն այսօր՝ հուլիսի 5-ին, Զորիկ Գալստյանը նորից լուսանկարել է «պատճաշ տեսքի բերված» այդ վայրը, եզրակացությունները թողնում ենք լուսանկարները դիտողներին:

Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե «տարածքը մաքուր է, մաքրված, այնտեղ մի քանի ցելաֆան է մնում, անտառի խորքում մտնում են այդ ծառերի տակ, կեղտ-մեղտ են անում, էդ էլ փոցխով կմաքրեն, կվերջանա, կգնա»:

Հարցին, թե լուսանկարներից չի երեւում, որ տարածքը մաքրված է, գյուղապետը պատասխանեց. «Պետք է գան կենդանի աչքով նայեն: Ո՞վ է էդ նկարողը, ինձ դա է հետաքրքրում, տեսե՞լ է Երեւան քաղաքում ինչ վիճակ է: Գալիս են Շենավանի տարածքն են նկարում, լրիվ մաքրած է, 100 տոկոսով չէ, 90-95 տոկոսով մաքրած է, մնում է մի քանի հատ ցելաֆաններ, էդ էլ խոստացել են, ջրամբարը կկազմակերպի, փոցխով կմաքրենք, կայրենք, կվերջացնենք: Ես մաքրել եմ 4-5 օր առաջ, երեկ էլ նայել եմ նորից: Էդ պատգամավորն է գալիս նկարում, հա՞: Ով է նկարել, ուրիշ բանուգործ չունեն հա՞ երեւի: Դա քաղաքացու բան չի, ինչ-որ Գալստյան պատգամավոր «Ժառանգությունից», «Ֆեյսբուքում»  տենց էլ գցած է, էդ պարոն Գալստյանը ուրիշ տեղեր չի նայո՞ւմ: Իմ համայնքից 4 կմ հեռու է, ես ամեն օր չեմ կարող այնտեղ պահակություն անել, հատկապես` այս փնթի ժողովրդի մեջ, բոլոր գյուղերից բերում են այդտեղ: Բայց ես անձամբ եմ կանգնել տրակտորով, փորել, թաղել եմ հողում, մաքուր, մաքրված տարածք է»:

Լուսանկարները` Զորիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից