Հայաստանին շտապ սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ՝ նախ եւ առաջ երկու ոլորտներում՝ դատական իշխանության եւ ՏԻՄ համակարգերում: Այս մասին հուլիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը՝ ներկաներին շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Երկրում Սահմանադրության օրը որպես տոն համապատասխան կերպով չի նշվում: Այն պետք է ընկալվի ոչ թե որպես իրավաբանական փաստաթուղթ, այլ որպես կենդանի իրավունք»,-նշել է Թոխյանն, ընդգծելով, որ անհրաժեշտ են շտապ սահմանադրական բարեփոխումներ: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դրական կարծիքներն են հայտնել ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ֆելիքս Թոխյանը ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը, իր հերթին, 4 որոշում է կայացրել, որոնցում անմիջականորեն ասվում է, որ սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ:
Թոխյանն առանձնացրել է երկու հիմնական ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն: «Առաջինը կապված է դատական իշխանության անկախության հետ. Ներկայիս կախյալ վիճակը սպառնում է երկրի տնտեսական զարգացմանը: Երկրորդ՝ ՏԻՄ համակարգի: Սահմանադրության 20-ամյա գոյության ընթացքում այդ համակարգը Հայաստանում դեռեւս չի կայացել»,-ասել է նա:





























