Մասնագիտական հիվանդություններով տառապող պաշտոնաթող օդաչուները, որոնք ամեն ուրբաթ բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի դիմաց, այս անգամ տեղափոխվել են 200 մետր ներքեւ` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք բացատրել են, որ այդտեղ են եկել՝ լսելով, որ «որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ են հավաքվել ակադեմիայում»:

Նշենք, որ այսօր ԳԱԱ-ում տեղի է ունենում կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին: «Մենք լսել ենք, որ այստեղ է լինելու գլխավոր դատախազը, հենց նրա հետ էլ  կցանկանայինք խոսել մեր հարցի մասին», - հայտնել են օդաչուները: Իմանալով, որ գլխավոր դատախազն արդեն լքել է կոնֆերանսը,  հիասթափված  օդաչուները սկսել են ցրվել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2003թ. սնանկացած «Հայկական ավիաուղիների» շուրջ 20 նախկին օդաչուներ ամեն ուրբաթ ցույց են անցկացնում նախագահի նստավայրի մոտ` պահանջելով մասնագիտական հիվանդության դիմաց փոխհատուցում (սահմանված չափն է նախկին աշխատավարձի  60%-70% -ը): Հայաստանում քաղաքացիական օդաչուներն ընդամենը  69 հոգի են: Սակայն վերջին վեց տարիների ընթացքում օդաչուներին փոխհատուցում չեն վճարել: Իսկ նրանց խմբակային հայցը վերջերս Սահմանադրական դատարանը մերժել էր: