1988-94թթ. Արցախյան պատերազմի դեպքերը նույնպես ցեղասպանություն են: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը` Երեւանում ընթացող Իրավաբանների համահայկական համաժողովի ընթացքում: «Այդ դեպքերը նույնպես պետք է որակվեն որպես մարդկության դեմ հանցագործություն, իսկ դրանք կազմակերպած երկիրը պետք է Հայաստանին պատասխան տա իր արածների համար, ինչպես եւ Թուրքիան՝ 1915-23թթ. ցեղասպանության համար», – ասել է Դանիելյանը:
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ Երեւանը դեռ չի սպառել միջազգային դատարանում բողոքարկելու իր բոլոր հնարավորությունները: «Պետք է հանգամանորեն կշռադատել, թե ինչպիսի հնարավորություններ մենք ունենք այդ առումով, եւ շարունակել ջանքերը միջազգային ասպարեզում Օսմանյան Թուրքիայի ոճրագործությունների պաշտոնապես դատապարտման հասնելու ուղղությամբ», – ընդգծել է Թովմասյանը:





























