ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստ է աշխատանք տալ Արմավիրի մարզպետի կողմից աշխատանքից ազատված Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանին: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը, ով Արմավիրի մարզպետի քայլը թույլ արարք որակեց:

Նա նշեց, որ ճանաչում է Գնել Ռոստոմյանին, քանի որ համակուրսեցիներ են եղել, բայց հերքեց այն մեղադրանքները, որ Գնել Ռոստոմյանը ընտրություններին աշխատել է, ոչ թե Սեյրան Սարոյանի, այլ՝ իր օգտին: «Գնելը մեր շտաբ ընդհանրապես չի  էլ եկել: Ես մի անգամ իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ այնպիսի վախի մթնոլորտ է ստեղծվել, որ իմ մոտիկ մարդիկ բեղ-մորուք են դնում, նոր գալիս իմ շտաբ: Դրա համար կասկածել են Գնելին, բայց նա մեր շտաբ չի եկել: Գնելը օտար երկրներում ապաստան ստանալու հարցը ծայրահեղացրել է: Չի կարելի նման բան թույլ տալ, եթե ոչ ոք աշխատանք չտա, ես կտամ»,-ասաց նախկին պատգամավորը:

Ավելի վաղ ասուլիսի ժամանակ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը  ասել էր, որ չգիտի, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել եւ  այդ պաշտոնում նշանակել Սուսաննա Նազարյանին, որի դեմ քրեական գործ կա հարուցված՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Ինչպես նաեւ ապաստան էր խնդրել դեսպանատներից: