Լոռիի մարզի «Դրախտ» ռեստորանային համալիրում այս տարվա փետրվարի 21-ին, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից 4 մարդու մահվան գործով նախաքննությունն ավարտվել է: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 63-ամյա Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն եւ հիշյալ ընկերությանը պատկանող Լոռիի մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որը անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ): Այս հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Իրեղեն ապացույց է ճանաչվել շինության գազաֆիկացման կատարողական տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, «Օշին» ՍՊԸ-ի կանոնադրությունը եւ կանոնագիրքը` 2 փաթեթում` կնիքված վիճակում:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դրախտ» ռեստորանում, փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 30-ամյա Գրիշա Զ.-ի, 32-ամյա Սարգիս Ղ.-ի, 42-ամյա Էլմիրա Ս.-ի եւ 22-ամյա Արմինե Ռ.-ի դիակները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Նշենք, որ «Դրախտ» ռեստորանը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին (մականունը՝ «Քոթո»), ում եղբայրը ներկայիս քաղաքապետն է:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ քաղաքապետն իր օբյեկտում հրազեն էր օգտագործել, որի հետեւանքով երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հրազենը Ստեփանավանի քաղաքապետին էր նվիրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























