25-ամյա Սուսաննա Հ-ն իրենց տանը ճակատային պատի տակից  հավաքել է տարբեր տեսակի թղթեր եւ այրել, ինչի արդյունքում հարեւանի տանիքն էլ է այրվել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Սուսաննա Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  իրենց տանը ճակատային պատի տակից  հավաքել է տարբեր տեսակի թղթեր, դրանք լցրել պատի տակ եւ որպես աղբ այրել է, որի հետեւանքով անզգուշությամբ ոչնչացրել է իրենց հարեւանությամբ բնակվող Ռաֆիկ Գ-ին պատկանող Երեւանի Նոր-Խարբերդի տան տանիքը` նրան անզգուշությամբ պատճառելով խոշոր չափերի` 740 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով (ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել):

Սույն հոդվածը  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-պատիկի չափով,  կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննություն օրը: