Այսօր` հուլիսի 6-ին, Հյուսիսային եւ Հարավային Կորեաները սկսել են Քեսոն արդյունաբերական գոտու հետագա ճակատագրի համատեղ լուծում գտնելու շուրջ բանակցությունները:
Երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սեուլը: Իսկ հուլիսի 4-ին Փհենյանն ընդունել է իր հարավային հարեւանի առաջարկը, հաղորդում է Հարավային Կորեայի «Ռենհափ» գործակալությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ԿԺԴՀ-ի Փհանմունջոմ սահմանային անցակետում տեղի ունեցող բանակցություններում Հարավային Կորեայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կցանկանային Քեսոնի արդյունաբերական համալիրում մուտքի իրավունք ստանալ ինժեներների համար: Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվում են նաեւ Հարավային Կորեային Քեսոնի պատրաստի արտադրանք վերադարձնելու հեռանկարները:
Քեսոնի արդյունաբերական պարկը, որը Կորեական թերակղզու երկու հատվածների միակ տնտեսական համագործակցության օրինակն էր, եւ որտեղ աշխատում էր 900 հարավկորեացի եւ 53 հազար ԿԺԴՀ-ի քաղաքացի, գործնականում փաստացի փակվել է ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից ` Կորեական թերակղզում իրադրության սրվելուց հետո:





























