NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է անգլիացի բանաստեղծ եւ թարգմանիչ Ռոբերտ Չանդլերի հոդվածը, որը հրապարակվել է «Financial Times»-ում.
Հայաստանը քարե երկիր է, եւ արվեստներից մեկը, որտեղ հայերը հաջողել են, ճարտարապետությունն է: Դա հատկապես ակնհայտ է Գեղարդի վանք այցելելիս, որտեղ երեք հարեւան եկեղեցիներից երկուսը բառացիորենն փորված են լեռան լանջին:
Անցած տարի հոկտեմբերին ես այդ եկեղեցիներից երրորդում, որն ավելի է մոտ սարալանջին, կիրակնօրյա պատարագի էի ներկա: Այդ ոչ մեծ կառույցի ակուստիկան այնքան կատարյալ էր, որ հոգեւորականների ձայները հնչում էին նույն բարձրությամբ` անկախ նրանից, թե որ կողմում էին նրանք գտնվում: Նրանց երգեցողությունը խորն էր, ռիթմիկ եւ հզոր:
Ես այցելել էի Հայաստան, քանի որ թարգմանում էի Վասիլի Գրոսմանի` Հայաստան այցի մասին «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը: Հայաստնում Գրոսմանը 1961թ-ին անցկացրել էր երկու ամիս: Նա նույնպես տպավորված է եղել միջնադարյան եկեղեցիներով: Ինչպես ես, նա նույնպես մեկնել էր Հայաստան` թարգմանության վրա աշխատելու. նրան հանձնարարաված է եղել թարգմանել Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը` Երկրորդ համաշխարհայինի մասին: Սա, համենայն դեպս, պաշտոնական պատճառն էր, իրական պատճառներն ավելի բարդ էին:
Նույն տարվա փետրվարին ՊԱԿ-ը առգրավել էր Գրոսմանի «Կյանք եւ ճակատագիր» վեպի ձեռագիրը, որը նույնպես պատերազմի մասին էր, ե որտեղ նա համեմատություն էր անցկացնում խորհրդային եւ նացիստական համակենտրոնացման ճամբարների, Ստալինի եւ Հիտլերի միջեւ:
Խորհրդային իշխանություններն այնպես որ պատճառ ունեին Գրոսմանին հեռու ուղարկելու, եւ Գրոսմանը հանձնարարություն էր ստացել Քոչարի վեպը թարգմանելու ու երկու ամիս անցկացրել էր Հայաստնում` աշխատելով Քոչարի եւ նրա թարգմանչի հետ:
Հայաստան այցի մասին Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը հեղինակի ամենաանձնական գործերից է: Հեղինակը կարծես զրուցում է ընթերցողի հետ` ներկայացնելով իր տպավորությունները բնապատկերների, իրեն հանդիպած մարդկանց եւ անգամ ֆիզիկական խնդիրների մասին:
Չի բացառվում, որ այն ժամերը, որոնք նա անցկացրել է` դիտելով հայկական եկեղեցիները, նրա համար ավելի հստակ են դարձրել սեփական գեղարվեստական նպատակները: Նա պերճախոս կերպով նկարագրում է այդ շենքերում արտացոլված որակները. «Կատարելությունը միշտ պարզ է եւ միշտ բնական: Կատարելությունը խորը ընկալում է եւ էության լիարժեք արտահայտում: Կատարելությունը նպատակ տանող ամենակարճ ճանապարհն է: Կատարելությունը միշտ դեմոկրատական է, այն միշտ հանրամատչելի է»,-գրել է Գրոսմանը:





























