ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է հրաժարվել «մեծ քսանյակի» սեպտեմբերյան գագաթաժողովի նախօրեին Մոսկվա կատարելիք այցից, եթե ամերիկյան հատուկ ծառայություններին դիմակազերծած փախստական Էդվարդ Սնոուդենը շարունակի թաքնվել այնտեղ:  Այս մասին The New York Times-ին հայտնել են անանուն աղբյուրները: 

«Կոմերսանտի»՝ Պետդեպարտամենտին կից  աղբյուրը հաստատել է, որ հանգամանքները ռուսական ղեկավարությանը հասկացրել են դիվանագիտական ճանապարհով: Ըստ նրա`  Վաշինգթոնը անպատասխան է թողնում նաեւ Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթաժողովին Օբամայի մասնակցության հարցը: Միաժամանակ, ԱՄՆ-ի ԱԱԳ-ի խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միհամը վստահեցրել է, որ «սեպտեմբերին Օբաման մտադիր է Ռուսաստան այցելել»:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Կոմերսանտին» հայտնել է, որ Վաշինգտոնի վերջնագրի մասին Կրեմլում տեղյակ չեն:  Ըստ նրա` տեղի է ունենում Օբամայի այցի նախապատրաստումը Ռուսաստան: Պեսկովը նույնը հայտնել է նաեւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը: 

Մինչդեռ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել «դեն նետել վերաբեռնավորման կոճակը»: «Միանգամայն պարզ է` ով է Պուտինը: Նա ՊԱԿ-ի հին անդամ է, որը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման հարցում:  Հակառակ դեպքում  այնպես կաներ, որ Սնոուդենին արտահանձնեին», - հայտնել է Մաքքեյնը, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ Սնոուդնը դեռ գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում: Ներկայումս Սնոուդենին ապաստան են պատրաստ տրամադրել  Վենեսուելան, Նիկարագուան եւ Բոլիվիան: