Ուկրաինացի կոմպոզիտոր, պրոդյուսեր եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Եգորովը աջակցում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին նա հայտարարել է Analitika.at.ua-ին:

«Մի ամբողջ ժողովրդի այսքան ցավ պատճառած զանգվածային հանցագործությունը ժամանակի ընթացքում չի հնանում: Ես աջակցում եմ հայերին` մեր հավատակից եղբայրներին ու քույրերին, ովքեր առաջինն են ընդունել քրիստոնեությունը եւ հուսով եմ, որ պատմական արդարությունը կվերականգնվի:

Չնայած որ պաշտոնական Անկարան դեռեւս ընդդիմանում է ակնհայտին, աշխարհի շատ երկրներ, ճանաչելով ցեղասպանության փաստը, ձեւավորում են միջազգային հանրային կարծիք, որը վաղ, թե ուշ կհանգեցնի այդ հարցի առնչությամբ միակ ճիշտ որոշման ընդունմանը: Վստահ եմ, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է»,-ընդգծել է Եգորովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծ: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Ուկրաինացի պատգամավորները, մտավորականության ներկայացուցիչներն ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ելույթներով են հանդես գալիս` կապված ուկրաինական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: