Անցնող գիշեր երկու աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել Դաղստանում: Զոհ են դարձել լրագրող Ահմեդ Նաբիեւը եւ «Գորեց» մարտական ակումբի գլխավոր մարզիչ Մուսայիլ Ալաուդինովը: 

Դաղստանի «Նովոյե դելո»-ի լրագրող Ահմեդ Նաբիեւինանհայտ անձինք կրակել են իր իսկ մեքենայի մեջ` հուլիսի 9-ի առավոտյան, Մախաչկալայի ծայրամասային Սեմենդեր ավանում, լրագրողը տեղում մահացել է, «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Դաղստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը: Կատարվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի` լրագրողի դեմ մահափորձեր նախկինում էլ կատարվել էին: Սա արդեն երրորդն էր:
«Գորեց» մարտական ակումբի գլխավոր մարզիչ Մուսայիլ Ալաուդինովի մեքենայի վրա կրակել են ժամը 0:30-ին` ինքնաձիգից, Մախաչկալա-Կասպիյսկ մայրուղում: Մարզիչը եւս տեղում մահացել է: Իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Գորեց» մարտական ակումբը խառը մարտարվեստի մարտիկներ պատրաստելու Ռուսաստանի առաջատար կենտրոններից է: «Գուդոկը» հայտնում է, որ ըստ նախնական տեղեկության, «Գորեց» մարտական ակումբը ֆինանասավորել է Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովը, որը ներկայումս քննչական մեկուսարանում է: