Երեւանում հուլիսի 8-ին, երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսնու` 33-ամյա Արման Հարությունյանի մոտոցիկլետով վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` կատարվում է քննություն, այն վարում է ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը:

Շուշան Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը` Արմանը շատ օրինավոր վարորդ է, նորմալ է վարում, ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում: «Իր մեղավորությունը չի եղել: Մեքենան պետք է զիջեր ճանապարհը, չի զիջել, ինքն էլ անընդհատ սիգնալ է արել, «դալնի, բլիժնի» էր անում, որ շարժվի, համառորեն գնացել է, ասում է, որ տեսա, որ գնում է, ղեկը թեքեցի, որ իրեն չխփեի, այլապես անդառնալի ողբերգություն կլիներ, միեւնույն է, թեթեւ քսվել է: Մեղքը իսկապես այդ վարորդին է»,- պատմեց երգչուհին: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին, մոտոցիկլետով վթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը` 33-ամյա Արման Հարությունյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ հուլիսի 8-ին ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի եւ Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել էին Երեւանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենան եւ 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի մոտոցիկլետը: Վթարի հետեւանքով Ա. Հարությունյանը բուժօգնության էր դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Շուշան Պետրոսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել էր, որ որեւէ լուրջ բան չկա, ամուսինը ընդամենը մի քանի քերծվածք է ստացել, դիմել է հիվանդանոց, հետազոտվել եւ անմիջապես տուն գնացել, արդեն աշխատանքի է: