Գլխավոր դատախազության շենքը բենզինով լի շշով հրդեհել ցանկացող 5 1-ամյա Խաչատուր Ղալեչյանն կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` Խաչատուր Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի ուշ երեկոյան մի տղամարդ բենզինով լի շշով մոտեցել է շենքին, այն լցրել է դռան վրա եւ հրդեհել:
Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները: Նրանց հաջողվել է արագ հանգցնել հրդեհը, իսկ տղամարդուն բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ նա 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է: Նա տարածքի խնդիր է ունեցել, որի պատճառով դատական գործընթացների մեջ է եղել եւ ոչ իր օգտին վճիռ է կայացվել: Դատական քաշքշուկներից հետո նա պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում: Նախկինում էլ նման մի քանի փորձ է արել:



























