Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքապետի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ընտրությունները անցել են անարդար եւ ոչ թափանցիկ:
«Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների հրապարակման ընթացքն արդեն իսկ հնարավորություն է տալիս ափսոսանք հայտնելու, որ Պռոշյան համայնքը կորցրեց իրապես թափանցիկ, օբյեկտիվ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունը։
Հույս կար, որ տարիների ընթացքում համայնքում ձեւավորված անառողջ մթնոլորտը, արհեստականորեն ձեւավորված երկու բեւեռների առճակատումն իր հանգուցալուծումը կստանա արդար ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցով։
Ցավով արձանագրում ենք, որ ոչ միայն նման բան տեղի չունեցավ, այլեւ անվստահության մթնոլորտն էլ ավելի անառողջ ու հեռուն տանող վտանգավոր մեկնարկի հիմք հանդիսացավ։
Մենք հաստատակամորեն արձանագրում ենք, որ մրցակից երկու թեկնածուների կողմից օգտագործվեցին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները՝ ազդելու ընտրությունների վերջնական ելքի վրա։ Արդյունքում՝ մի կողմից առկա է ՛՛Պյուռոսյան հաղթանակ՛՛, մյուս կողմում՝ պարտված համայնք ու պարտված ժողովուրդ։
Հարկ ենք համարում արձանագրել նաեւ, որ համայնքում համառ խոսակցություններ են պտտվում, որ մրցակից երկու ուժերի կողմից էլ բաժանվել է ընտրակաշառք, ինչը հավելյալ ապացուցման կարիք ունի, եւ ենթակա է իրավական գնահատականի։
Այսպիսով, արձանագրում ենք, որ այս ընտրություններով էլ ավելի խորացվեց համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչի պատասխանատվությունը, մեր խորին համոզմամբ, կրում են այսպես կոչված ՛՛Պատերազմի՛՛ դուրս եկած երկու մրցակից ուժերը։
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ մեզ համար հավասարապես անընդունելի են երկու կողմերի որդեգրած գործելակերպը։
Եվ նախընտրական, եւ հետընտրական ժամանակահատվածում վերջիններիս դրսեւորած վարքագիծը համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանին վարկաբեկելու, ստոհոդ, զրպարտիչ տեղեկություններ տարածելու հանգամանքը, ոչ այլ կերպ, քան անբարոյականություն անվանել հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին իսկապես արժանի են»,- ասվում է Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի են ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, որտեղ հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 3991 ընտրողներից 2798-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ձայն, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:
Ընտրությունների անարդար անցկացման վերաբերյալ իր դժգոհություն ն է հայտնել նաեւ դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանը, ով մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները:




























