Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին; Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Կայքի տեղեկություններով` պատճառը հուլիսի  7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»: «Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին; Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս; Իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»»,- հաղորդում է «Ա1+»-ը:

Իսկ Aravot.am-ը գրում է, որ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ որպես հոգեւոր սպասավոր, ազատելով Արարատյան հայրապետական թեմի Արարատ միության հոգեւոր հովվի պարտականություններից: Լուրերն այն մասին, թե Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանը «մատների արանքով» է նայել երիտասարդաց միության ղեկավարի իր պարտականություններին, եւ, որ աղանդների արտահոսքի պատճառ է դարձել` չեն համապատասխանում իրականությանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել թե Տեր Հակոբի, թե Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի հետ, սակայն չհաջողվեց, հեռախոսահամարները կամ անջատված են, կամ մեր զանգերն անպատասխան են մնում: