Հայաստանի Բնապահպանության նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով:

«Սույն թվականի հուլիսի 15-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրվել է  ձկների զանգվածային ոչնչացման դեպք: Վերոհիշյալ տեղեկատվության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ եւ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել մամուլում տարածված ահազանգը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական  տարածքի մակերեւութային ջրերում հայտնաբերել եւ արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ:

«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի եւ  ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 եւ 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության  հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները  իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերեւութային ջրերի նմուշառում, ինչպես նաեւ հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ:  Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: