Մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայ բարեգործական ընդհանուր միության» Երեւանի ամառային փորձառության շրջանին, հուլիսի 16-ին այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարություն: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը եւ անկախության ձեռքբերումները:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից եւ Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին: Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողներ հուզող հարցերին:





























