Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անհասանելի են: Դեսպանատան մամուլի քարտուղար Սերգեյ Աբելյանի բջջայինն ամբողջ օրն անջատված է եղել: Դեսպանատան մյուս աշխատակիցների հետ կապվելու փորձերը եւս անհաջողությամբ են ավարտվել: Հեռախոսազանգերին պատասխանել են պահակային ծառայության աշխատակիցները՝ բացատրելով, որ հեռախոսազանգերը հնարավոր չէ փոխանցել աշխատակիցներին, քանի որ կապի փոխանցման համակարգում անսարքություն կա: Նրանք խորհուրդ են տվել նաեւ զանգահարել մամուլի քարտուղարին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության եւ մյուս աշխատակիցների անհասանելի լինելու պատճառով այդպես էլ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ 46-ամյա Հրաչյա Հարությունյանի պաշտպանության համար դեսպանատան առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի կապակցությամբ:
Ակցիային մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակ քաղաքացիներ: Ցուցարարները պահանջել են ձերբակալվածի հանդեպ հարգանք:
Ավլի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:
«Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:




























