Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտարարել է, թե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը շատ մեծ եւ կարեւոր ծրագիր է, եւ հույս է հայտնել , որ այս տարի արդեն կսկսվեն մայրուղու շինաշխատանքները:

Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Գուրգեն Սարգսյանը մարտի 10-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Վերներ Լիեպային եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԱԶԲ վարկային ծրագրով արդեն իրականացված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքներին եւ դրական գնահատել այն: Կողմերը վստահեցրել են, որ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի դրական արդյունքները լավ եւ ամուր հիմք կհանդիսանան հետագա նոր ծրագրերի իրականացման համար:

Գուրգեն Սարգսյանը նշել է, թե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության գործընթացը կազմակերպելու նպատակով առաջիկայում կստեղծվի նոր` Ծրագրերի իրականացման կազմակերպություն (ԾԻԿ):

Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ վարկային այլ ծրագրեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի նախապատրաստական եւ խորհրդատվական աշխատանքները, եւ այդ ծրագրի հետագա համաֆինանսավորման հնարավոր տարբերակները: