«Կովկասում շատ խնդիրներ կան, եւ զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում խաղաղություն եւ հանդուրժողականություն հաստատվի»,- Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ էական քայլեր է ձեռնարկում։ Դրա վկայությունը Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականության ձեռնարկումն է՝ չնայած պատմության ողբերգական էջերին։ Բաղդասարյանը հույս է հայտնել, որ չնայած դժվարություններին՝ հնարավոր կլինի հարաբերությունները վերականգնել։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Երեւանը կողմ է դրա խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Նա զարմանք է հայտնել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում եւ զուգահեռաբար հանդես գալիս ռազմաշունչ հայտարարություններով։
Խոսելով Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցության մասին՝ Բաղդասարյանն ընդգծել է, որ այդ համագործակցությունը ներդաշնակ է ընթանում։ Դրա վկայությունը, նրա խոսքով, Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ՆԱՏՕ գործակցություններն են։ Ամփոփելով՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նկատել է, որ եթե տարածաշրջանային բոլոր երկրները Հայաստանի նման լավ կատարեն ստանձնած պարտավորությունները, ապա հնարավոր կլինի խաղաղություն, հանդուրժողականություն եւ փոխըմբռնում հաստատել այստեղ։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» եռօրյա սեմինարը Երեւանում մեկնարկել է մարտի 11-ին։ Միջոցառմանը մասնակցում են 16 երկրների 41 պատվիրակություններ։




























