ՆԱՏՕ-ն համագործակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ՝ նպատակ ունենալով նրանց անվտանգության համակարգերը հասցնել Դաշինքի չափորոշիչներին։ Այս մասին մարտի 11-ին Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության պատասխանատու Զբիգնեւ Ռիբացկին։
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը գործընկերների հետ համագործակցության նոր կառուցվածք է մշակում։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին չէ եւ նրա հանդեպ ագրեսիվ վերաբերմունք չունի։ Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումը տարօրինակ է, քանի որ նա երբեք չի դիմում ՆԱՏՕ-ին, որպեսզի իմանա նրա դիրքորոշումն իր ռազմավարության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ վստահությունը պետք է փոխադարձ լինի, մանավանդ որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատ արժեքավոր են եւ նրանց դեմ միեւնույն խնդիրներն են ծառացած»,- նշել է Ռիբացկին։
Ինչպես նա նկատել է, Հարավային Օսիայի պատերազմից հետո Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատացել են, սակայն Դաշինքն ուզում է վերականգնել դրանք։ Նա ընդգծել է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չեն տուժում Հայաստան-Ռուսաստան սերտ հարաբերություններից. «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը շատ արդյունավետ է, իսկ հայ հասարակության վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ կլավանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր անդամներից է»,- ամփոփել է Ռիբացկին։




























