Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 3-ը: Մարզախաղերին կմասնակցեն 650 մարզիկ 18 երկրից, իսկ մարզախաղերին հետեւելու համար Երեւանը կհյուրընկալի ավելի քան 3500 այցելու:

Այսօր՝ հուլիսի 25-ին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել ՀՄԸՄ 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպմանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ հույս հայտնել, որ պետք է ամեն ինչ անել մեր մարզիկներին եւ հյուրերին պատշաճ կերպով ընդունելու եւ մրցակցային հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը իր շնորհակալական խոսքից հետո նախարարին նվիրել է ՀՄԸՄ-ի կողմից պատրաստած հուշանվերը եւ հույս հայտնել, որ նման նախաձեռնություններն ու համահայկական հավաքները ունեն շատ արդյունավետ բնույթ եւ կլինեն շարունակական: