Եվրամիությունը կաջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի Հայաստանի հարցերով լիազոր ներկայացուցիչ Օննո Սիմոնսը, մարտի 11-ին Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ ռոթ» սեմինարի ժամանակ:
Նրա խոսքով, Եվրամիությունը մտադիր է 2 մլն եվրո արժողությամբ ծրագիր իրականացնել տարածաշրջանում փոխգործակցության համար։ Այն կնպաստի Ղարաբաղի հակամարտության լուծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում դրա հետեւանքների հեռացմանը։
Սիմոնսը նշել է, որ Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Եվրոպայի համար եւ նրա նշանակությունը ավելի է մեծանում Եվրամիության էներգետիկայի եւ հաղորդակցության դիվերսիֆիկացիայի նախագծերում։
«Հայաստանի եւ Թուրքիայի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փակ սահմանների խնդիրները հակասում է ինչպես Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների շահերին»։
Նրա խոսքով, միշտ էլ հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության շուրջ, եւ Եվրամիությունը իր կազմում չի կարող ընդգկել պետություններ՝ չլուծված հակամարտություններով։
Սիմոնսը հավելել է, որ նույնը վերաբերում է Կիպրոսի հակամարտության կարգավորման հարցին։
Նշենք, որ վերջերս Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանը Եվրոպային կմոտենա այնքան, որքան Եվրոպան թույլ կտա։



























