Չինաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում եւ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։ Այս մասին, հուլիսի 25-ին, Պեկինում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով Պեկին է ժամանել հուլիսի 25-ին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր խոսում նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:
Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ ղեկավարները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ արձանագրել, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։
Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվել է Երեւանի եւ Պեկինի, Լոռիի մարզի եւ Շանսի նահանգի միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը։
Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն Երեւանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:
Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը:
Բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տնտեսական փոխգործակցության խթանումը եւ այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։
Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի եւ հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների մասին արձանագրությունը։





























