ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նամակ է ուղարկել՝ խնդրելով, որպեսզի նախագահն  արդարադատության նախարարությանը կարգադրի դադարեցնել իր որդու նկատմամբ դատական հետապնդումները։ Բացի այդ, Սնոուդեն ավագը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմն ու ԱՄՆ-ի կոնգրեսն այն աստիճան են զրպարտել որդուն, որ ավելի լավ է նա մնա Ռուսաստանում, հայտնում է Russia Today-ը։

 «Որդուս տեղում լինե, կփորձեի ապահով ապաստան գտնել», - Լոն Սնոուդենի ոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ըստ Սնոուդեն ավագի՝ նման ապաստան կարող է հանդիսանալ Ռուսաստանը։

Նախօրեին  ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ռուսաստանին հավաստիացրել էր, որ Սնոուդենին հանձնելու դեպքում նրան մահապատժի չեն դատապարտի, խոշտանգումների չեն ենթարկի եւ նրա բոլոր իրավունքները կպահպանվեն։

Միաժամանակ, ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին ուղղված նամակում հստակեցրել է, որ  ԱՄՆ-ն պատրաստ է Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր անձնագիր տրամադրել, որով կարող է վերադառնալ հայրենիք եւ դատարանի առաջ կանգնել։

Սնոուդեն ավագն իր հերթին հայտարարել է, որ վրդովված է Հոլդերի խոսքերից, քանի որ ամերիկյան կառավարությունը դատից առաջ արդեն համոզված է, որ Սնոուդենը մեղավոր է։ Լոն Սնոուդենը նաեւ հայտարարել է, որ զրկված է որդու հետ անմիջական կապ պահելու հնարավորությունից եւ նրա մասին տեղեկանում է լրատվամիջոցներից։