Բրազիլական Սան Պաուլու քաղաքի ոստիկանությունը հուլիսի 26-ի երեկոյան ցրել է բողոքի ելած քաղաքացիներին, որոնք քաղաքի կենտրոնում ավերել են մի քանի բանկեր եւ գրասենյակներ, հաղորդում են լատինամերիկյան լրատվամիջոցները:
Բողոքի ակցիան ցրելու համար, որին ըստ տարբեր հաշվարկների մասնակցել է 300-500 մարդ, ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ է օգտագործել:
Ցուցարարները ավերել են 9 բանկային բաժանմունքներ, կոտրել ճանապարհային նշանները եւ բարիկադներ սարքել կենտրոնական փողոցներից մեկում՝ արգելափակելով երթեւեկությունը եւ տրանսպորտային քաոս ստեղծելով: Բացի այդ, ակցիայի մասնակիցները ավերել են ավտոսրահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ականատեսների վկայությամբ, հանրահավաքն սկսվել է խաղաղ, որը կազմակերպվել է սոցիալական ցանցերում տարածված կոչերի միջոցով: Կազմակերպիչները կոչ են արել դուրս գալ փողոց իրենց համերաշխությունը հայտնելով Ռիո դե-Ժանեյրոյում նահանգապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին:
Արվեստների թանգարանի մոտ հավաքված ցուցարարները սկսել են ժամանակ առ ժամանակ փակել ավտոմեքենաների երթեւեկությունը հարակից փողոցներում: Ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները սկսել են ավերել բանկերնն ու գրասենյակները:
Հիշեցնենք, որ Ռիո դե-Ժանեյրոյում հանրահավաքը հանգիստ է անցել, որին մասնակցել է 200 մարդ: Մի քանի ցուցարարներ փորձել են մտնել ծովափի տարածք, որտեղ այդ պահին արարություն է անցկացրել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, սակայն ոստիկանությանը հաջողվել է առանց բռնության դիմելու կանխել դա:
Ցուցարարները հայտարարել են, որ իրենք դեմ չեն Հռոմի պապի այցին, այլ կոչ են անում Բրազիլիայի իշխանություններին լուծել սոցիալական խնդիրները:





























