Քուվեյթի Ազգային ժողովի 50 պատգամավորների ընտրությունները տեղի կունենան այսօր՝ հուլիսի 27-ին:
Վերջին 8 ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ խորհրդարանական ընտրություններն են նավթով հարուստ այս երկրում: Սահմանադրական դատարանը հունիսի 16-ին չեղյալ էր հայտարարել նախորդ քվեարկության արդյունքները եւ որոշել ցրել Ազգային ժողովն ու անցկացնել նոր ընտրություններ: Պատճառը ընտրական գործընթացում արձանագրված խախտումներն են եղել:
Քուվելթի խորհրդարանական նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 1-ին՝ երկրի էմիրի կողմից ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների հիման վրա: Այդ փոփոխությունների համաձայն՝ ընտրողն այժմ կարող է քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին, ոչ թե չորս, ինչպես նախկինում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այդ ընտրությունները բողոքարկել էր ընդդիմությունը, համարելով, որ ընտրությունների մասին օրենքի փոփոխությունները ոտնահարում է իրենց իրավունքները: Արդյունքում խորհրդարանում աշխատել են միայն իշխանությունների կողմնակիցները, ինչը խորը քաղաքական ճգնաժամի առիթ է դարձել: Ներկա ընտրություններին ընդդիմադիր ուժերի մեծ մասը չի մասնակցելու:
Ընդհանուր առմամբ, Քուվեյթում գրանցված է մոտ 440 հազար ընտրող: Այս ընտրություններում նրանք պետք է քվեարկեն 321 թեկնածուներից մեկի օգտին:





























