«Վրաստանը Եվրոպայի համար էներգառեսուրսների տարանցման լավ այլընտրանք է։ Սա ավելի զգալի է դարձել Իրանում եւ Իրաքում տիրող իրավիճակից հետո։ Բացի այդ, Վրաստանը միջանցք է հանդիսանում դեպի Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում վրացական հետազոտական ինստիտուտի փորձագետ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի մամուլի քարտուղար Կախա Իմնաձեն՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարին։

Իմնաձեն խոստովանել է, որ Վրաստանն ամենաժողովրդավար երկրներից չէ, սակայն նշել է, որ իրավիճակն այնտեղ ավելի լավ է, քան ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներում։ Նա բողոքել է Վրաստանի հանդեպ էմբարգոյից, որն ազդում է երկրի անվտանգության մակարդակի վրա։ Նրան նաեւ դուր չի եկել այն, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ նույնական ծրագրեր է իրականացնում, այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանն ընդհանրապես չի ցանկանում մուտք գործել Դաշինք, իսկ Վրաստանը ձգտում է դրան։

Վրացի փորձագետը վստահ է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում միացնող գործոններն ավելի շատ են, քան բաժանողները։ «Ռուսաստանի համար մարտահրավեր է ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը, այլ իրավիճակը Հյուսիսային Կովկասում։ Իսկ Վրաստանի հետ հարաբերությունների լավացումը թույլ կտա Ռուսաստանին ամրացնել իր հարավային սահմանները»,- հայտարարել է Իմնաձեն։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժերն օգտագործելով վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, Իմնաձեն նշել է, որ մուտք գործելով ՆԱՏՕ՝ Վրաստանը նպատակ չի հետապնդում վերադարձնել այդ տարածքները, այլ միայն ամրացնում է իր անվտանգությունը։