Քաղաքապետարանի առջեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջով անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստներն այսօր` հուլիսի 28-ի առավոտյան «Ամերիաբանկ»-ի մոտ հայտնաբերել են 12 կրակված պարկուճ: Ակտիվիստների շրջանում մտահոգություն կա, որ այդ պարկուճները նրանց սադրելու մտայնությամբ են հայտնվել այդտեղ:

Այս կապակցությամբ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ով ընդգծել է, որ կրակված փամփուշտները կրիմինալ չեն պարունակում: «Փորձաքննություն է նշանակվել, էդտեղ կրիմինալ չկա, որովհետեւ ռազմամթերք չի: Պարկուճ է ընդամենը, փորձաքննության պատասխանը կգա, անպայման, կտեղեկացվի լրատվամիջոցներին, բայց նախնական ասեմ, որ կրակված փամփուշտները կրիմինալ չեն պարունակում»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք դրանք ոստիկանների գիտությամբ չեն տվյալ տեղում հայտնվել ակտիվիստներին սադրելու նպատակով, Երեւանի ոստիկանապետը արձագանքեց ծիծաղով: Վերջինս նույն կերպ արձագանքեց նաեւ մեր այն հարցին, թե արդյո՞ք հարեւանությամբ «բնակվող» տրանսվեստիտների` նախօրեին ակտիվիստներին այցելության հետ իրենք կապ չունեն: «Ոստիկանությունը միայն առաջնորդվում է օրենքով, միայն ՀՀ քաղաքացիների շահերն է պաշտպանում, ոստիկանությունը միայն աշխատում է իր գործառույթների շրջանում»,-հայտարարել է Աշոտ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ իրենք ճնշում չեն գործադրի ակտիվիստների նկատմամբ եւ ակցիան ցրելու նպատակով ուժ չեն կիրառի. «Միանշանակ, ոչ, դրանք քաղաքական գործընթացներ են, որոնք ոստիկանությանը չեն հետաքրքրում, հետաքրքրում են միայն ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը»: