Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հուլիսի 31-ին, Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Ջրափի եւ Անիավան համայնքներում խորհրդակցություններ է անցկացրել, որտեղ քննարկել է մարզում իրականացվող ծրագրերը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցություններին մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տարածաշրջանի համայնքների ղեկավարները:
Քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր:
Համայնքի ղեկավարները փոխվարչապետին ներկայացրել են համայնքային ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, բարձրացրել իրենց հուզող հարցերը: Աշխատանքային այցի շրջանակում Ա. Գեւորգյանը Գյումրիում ծանոթացել է քաղաքի փողոցների բարեկարգման աշխատանքներին: Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակը եւ կենտրոնական փողոցները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ փոխվարչապետը նաեւ քննարկել է առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը:





























