Ադրբեջանի քաղաքացի Բախթիյար Ալիեւը, որի հետ 2012 թվականին ծեծկռտուքի հետեւանքով մահացել էր բայքեր Լեոնիդ Ֆրոլովը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Ալիեւը մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ:
Նրա դեմ գործը հարուցվել էր «դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածի հատկանիշներով: Սակայն քննության ընթացքում հոդվածը մեղմացվել էր՝ «անզգուշությամբ մահ պատճառելը», հաղորդում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 30-ին Սերգիեւյան Արվարձանում: Ենթադրաբար պատճառը եղել է այն, որ բայքերը ցանկացել է իր մոտոցիկլի վրայից իջեցնել Ալիեւին: Վերջինս հարվածել է Ֆրոլովին, ով ընկել է գետնին եւ գլուխը դիպել է ասֆալտին: Մի քանի օր անց Ֆրոլովը հիվանդանոցում մահացել է:





























