Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ մարտի 1-ի գործով մեղադրյալների դատավարությունների մասին ԵԱՀԿ՝ մարտի 8-ին հրապարակած զեկույցը պատրաստ է եղել ավելի վաղ, սակայն ինչ-ինչ դրդապատճառներով հրապարակվել է ավելի ուշ։ Նման կարծիք նա հայտնեց մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ համաձայն զեկույցի, ընդդիմության ակտիվիստների դատավարություններն անցել են բազմաթիվ խախտումներով, նա մասնավորապես առանձնացրեց այն փաստը, որ դրանք ընթացել են անհավասար պայմաններում, մեղադրվող կողմի հանդեպ դատարանի ցուցաբերած բացահայտ թշնամանքով եւ խոշտանգումների ազդեցության տակ ձեռք բերված ապացույցների կիրառմամբ։ «ԵԱՀԿ զեկույցը ցույց է տալիս, որ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների հանդեպ արդարադատություն չի կիրառվել»,- կարծիք հայտնեց Զուրաբյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, թե զեկույցի հիմնական թերությունն այն է, որ այն ուշացած է, եւ որ իրենց համոզմամբ այդ փաստաթուղթը պատրաստ է եղել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն ներկայացվել է միայն օրերս. «Մարդու իրավունքների վրա աչք փակելու բոլոր այս միտումների հիմքում ընկած են այն ակնկալիքները, որոնք այսօր միջազգային հանրությունն ունի Սերժ Սարգսյանի վարչակազմից՝ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով»,- համոզմունք հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողը՝ որպես զեկույցի երկրորդ թերություն նշելով այն, որ «արձանագրելով դատական համակարգում առկա բացթողումները՝ ԵԱՀԿ, միեւնույնն է, քաղաքական գնահատական չի տալիս դրանց»։