Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 31-ին, Արմավիրի մարզում իր աշխատանքային այցելությունն սկսել է Աղավնատուն եւ Սարդարապատ համայնքներից, որտեղ ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին,  զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը եւ շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում Աղավնատան եւ Հոկտեմբերի ամբուլատորիաները հագեցվել էին առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով: Սակայն դեռեւս խորհրդային տարիներին կառուցված երկու ամբուլատորիաների շենքերը գտնվում էին անբարեկարգ վիճակում. չէին գործում ջրամատակարարման, կոյուղու եւ ջեռուցման համակարգերը, վնասված էին տանիքը եւ հատակը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնված նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2012 թ., ավարտին հասցվել 2013 թ. հունիսին: Արդյունքում Աղավնատուն համայնքում կատարվել է շուրջ 53.8 մլն ՀՀ դրամի ներդրում (49.5  մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ), Սարդարապատ համայնքում` շուրջ 56  մլն ՀՀ դրամի ներդրում (51.7 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3  մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ): Աղավնատան ամբուլատորիան սպասարկում է Աղավնատուն, Ամբերդ, Դողս եւ Լեռնամերձ համայնքների շուրջ 6167, Հոկտեմբերի ամբուլատորիան` Սարդարապատ համայնքի շուրջ 5300 բնակչի:

2012 թ. Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի բնակիչները կառավարության ղեկավարին էին դիմել դպրոցի մասնաշենքերից մեկի վերանորոգման խնդրանքով, ինչին վարչապետը դրական էր արձագանքել եւ համապատասխան հանձնարարականներ տվել:

Վանանդ համայնքում, 105 մլն 976474 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ գյուղապետարանի եւ «Վարդանանց Ասպետներ» կազմակերպության կողմից կատարված 11 մլն 995633 մլն ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում դպրոցի շենքն ամբողջովին հիմնանորոգվել է եւ այսուհետ կծառայի որպես մանկապարտեզ:

2012 թ. հիմնանորոգվել է նաեւ դպրոցի առաջին մասնաշենքը, որի արժեքը կազմել է 70 մլն ՀՀ դրամ: Համայնքի ներկայացուցիչները Տիգրան Սարգսյանին խնդրել են ֆինանսական աջակցություն տրամադրել նաեւ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցում: Նա հանձնարարել է կազմել ծախսերի նախահաշիվ եւ ներկայացնել քննարկման:

Վարչապետի այցի վերջին կանգառը մրգերի, բանջարեղենի վերամշակման, բնական հյութերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերությունն էր: «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, օգտվելով ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 17-ի որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից, մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի 140 հա տարածքում կառուցել է գյուղմթերքների վերամշակման արդի գործարան` ներդնելով շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար:

Նշվել է, որ ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս վերամշակել օրական մոտ 350 տ միրգ եւ բանջարեղեն, արտադրել օրական 150 տ մրգային խտահյութ:

«Եվրոթերմ» ընկերությունն ունի արտահանման ուղղվածություն. հյութերի եւ նեկտարների արտահանման ծավալը կազմում է իրացման ծավալի մոտ 50 տոկոսը, մուրաբաների եւ պահածոների` 80-90 տոկոսը, խտանյութի` 95 տոկոսը: 2013 թ. առաջին կիսամյակում ընկերության թողարկած արտադրանքի ծավալը կազմել է 1.75 մլրդ ՀՀ դրամ` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.7 տոկոսով, իրացվել է 1.45 մլրդ ՀՀ դրամի արտադրանք, որից արտահանումը` 0.78 մլրդ ՀՀ դրամ: Արտադրանքն իրացվում է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» եւ «Ալպենջուս» ապրանքանիշերով: Ընկերությունում աշխատում է 230 մարդ, միջին աշխատավարձը`140 հազար ՀՀ դրամ: