Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նախագահ Սերժ Սարգսյանից եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ապահովել իր անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սամվել Հարությունյանը: Խոսելով պատճառների մասին նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը, ոչ միայն իր, այլեւ բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել մասնավորապես 1990 թվականից սկսած:

«Օրինակները շատ-շատ են: 1990 թ-ից սկսած մի քանի անգամ անձամբ ինքը եւ իր բանդայի անդամները 5-7 զենքեր ուղղել են ճակատիս, սպառնացել, որ հանեմ թեկնածությունս Գորիսի քաղաքային եւ շրջանային խորհրդից: Կամ 1993թ-ի փետրվարին, որ հրաժարական տամ Գորիսի քաղաքապետի պաշտոնից»,- պատմեց Գորիսի նախկին քաղաքապետը:

Իսկ իր վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո Սուրեն Խաչատրյանի մերձավոր շրջապատից մի քանի հոգի հեռախոսազանգով կամ իր հետ հանդիպելով  խոսել են եւ կիսախրատական, զգուշացնող մոտեցում են ցուցաբերել, որ հետ կանգնեմ նման հայտարարություններից:

Նա նշեց, որ Սուրեն Խաչատրյանն իր տեսակով արյունարբու է, որում քանիցս համոզվել է իր մաշկի վրա եւ այլոց նկատմամբ: «Բացարձակապես չեմ կասկածում, որ նա Ավետիք Բուդաղյանին եւ նրա եղբորը սպանելու վերջին հարվածի մեծագույն հաճույքը զիջեր անգամ իր որդուն: Բացի այդ, իր երկու եղբայրների որդիները 2004թ-ին սպանեցին Գորիս քաղաքի 30-ամյա բնակիչ Հովհաննես Բադալյանին: Հորաքրոջ թոռը երկու տարի առաջ առանձնակի դաժանությամբ կացնահարելով սպանեց Իրանի Իսլամական Հանրապետության  մի քաղաքացու: Եթե նման մարդկանց սպանում են, ես, որ այս 23 տարվա ընթացքում անընդհատ պայքարել եմ  նրա հանցագործ ընթացքի դեմ, պարզ չի՞, որ նա առաջին իսկ հնարավորությունը կօգտագործի, որ ինձ վերացնի»,- մանրամասնեց Սամվել Հարությունյանը եւ ավելացրեց, որ շատ են մարդիկ ովքեր կարծում են, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

Սամվել Հարությունյանը նշեց, որ շատ սիրում է կյանքը, առողջ է, որեւէ  տեղը չի ցավում եւ բավականին զգուշավոր է: «Եթե ինձ հետ, որեւէ բան պատահի դրա ուղղակի պատասխանատվությունը կրելու են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ իրավապահ համակարգի ղեկավարները»,- ահազանգեց Գորիսի նախկին քաղաքապետը: