Երեւանը լքում եմ ծանր սրտով, բայց ես դեռ կվերադառնամ: Սա հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի Facebook-յան վերջին գրառումներից մեկն է:
«Ծանր սրտով, որովհետեւ փողոցը, որտեղ ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետեւ ընկերներս ավելի լավ չեն ապրում, որովհետեւ մարդկանց աչքերում հույս չեմ տեսնում, որովհետեւ իմ քաղաքը այնքան էլ իմը չի դարձել:
Եւ միայն պայծառ միտքս է հանգստացնում. Ես դեռ կվերադառնամ, մենք դեռ կվերադառնանք»,- գրել է Մարկ Սաղաթելյանը:
Իսկ մի փոքր ավելի վաղ, Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իրեն հատուկ հումորով անդրադարձել էր Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երեւան» կարգախոսին, գրելով. «Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երեւանը» Մոսկվան է, չնայած խանութների գները նույնն են: Այստեղ ոչ միայն ավելի շատ եւ ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլեւ ապրում են շատ ավելի լավ»։
Այսօր ողջ Ֆեյսբուքը հեղեղված էր սիրելի հումորիստի ու շոումենի ընկերների գրառումներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.
Դավիթ Մաթեւոսով. Բժիշկ, ՈՒՀԱ-ի մասնակից
«Ես ցանկանում եմ պատռել իմ ճերմակ խալաթն ու բղավել՝ կներես ընկեր, որ չկարողացա պաշտպանել քեզ, որ չկարողացա օգնել։ Նա անգամ դրա հնարավորությունը չտվեց։ Մարկ, այդպես արդար չէ»:
Արմեն Պետրոսյանը, (Մենչ) - հումորիստ, շոումեն, հաղորդավար
«Սենց անարդար չի կարա լինի կյանքը: Հինգ օրվա մեջ կորցնել երկու ընկեր եւ երկու շատ ուրախ մարդ: Աստված հոգիներդ լուսավորի իմ ընկերներ: Մարկ ջան էս ի՞նչ արեցիր դու մեր հետ»:
Լուսինե Բադալյան – հաղորդավար
Մարկը հիմա հաստատ խաղաղ ու ժպիտով է հեռանում, որովհետեւ երեկվա համաժողովրդական աղոթքն ու հրաշքի սպասումն ու այսօրվա ցավն ու տխրությունը համաժողովրդական սիրո ամենախոսուն դրսեւորումն են... առանց արցունքների հնարավոր չի թերթել ֆեյսբուքյան էջերը.... բայց նույնիսկ իր հրաժեշտի մեջ էլի հաղորդագրություն կա, որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել. Աղաչում եմ եկեք սիրենք ու գնահատենք իրար կենդանության օրոք... Եկեք վայելենք միասին` մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը, որովհետեւ երբեք չգիտես, թե ինչ կլինի վայրկյան հետո.... նաեւ սովորեցրեց, որ լրագրությունն ամեն մարդու խելքի բանը չի , քոփի-փեյթը լավ բան չի...ու դեռ սովորեցնում է... եկեք այս այսպես միասնական, համախմբված սիրենք մեր ունեցածը, փայփայենք.... ապրեք ինչպես ապրվում է ու միայն թե մեծ մեղքեր մի գործեք.....հավերժ մեր սրտերում ու լուսավոր հիշողություններում....հանգչիր խաղաղությամբ բարի մարդ»:
Գագիկ Մկրտչյան - «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր
«Դժվար է, շատ դժվար է Մարկ Սաղաթելյանի մասին խոսել կամ գրել անցյալով, կենսուրախ, բարի, շնորհալի, անկեղծ, ընկերասեր մարդասեր, հայրենասեր բոլոր այս հատկություններով օժտված էր Մարկը:
Կյանքը սիրում էր այնպիսին ինչպիսին որ այն կար, կարող էր հուսադրել ամենահուսահատ մարդուն, ոգեւորել ամենահոռետեսին, ուրախացնել ամենասգավորին անգամ:
Պայծառ ու խոշոր աչքերով, խոշոր մարմնով մեծ երեխա այսպիսին են հիշելու բոլորը նրան, ու իրեն տրված կարճատեւ կյանքն էլ նա ապրեց երեխայի անմիջականությամբ ու անկեղծությամբ: Ինչպիսին էր կյանքում այնսիսին էլ բեմում եղավ պարգեւելով ուրախություն, դիմացը ստանալով ծափահարություններ:
Ծափահարում եմ Քեզ Մարկ ջան, հավերժության ճանապարհին Քո վերջին ճամփորդությունից առաջ»:
Նազենի Հովհաննիսյան - հաղորդավարուհի, դերասանուհի
«Ծնվում ենք ակամա , ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով ....... մեզ կարոտով թողեցիր ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ»:
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին NEWS.am-ին հայտնել է, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Նա այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:







































