Մայրաքաղաքում մեկնարկել է «Երեւանյան ամառ» ծրագիրը, որի առաջին միջոցառումները Կենդանաբանական այգում էին։ Օգոստոսի մեկին այգու մուտքը եւ մանկական ատրակցիոնները երեխաների համար անվճար էին։
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երեւանյան ամառ» մեկամսյա ծրագրով մարզամշակութային միջոցառումներ, համերգային փոքրիկ ծրագրեր են անցկացվելու Երեւանի զբոսայգիներում, այգիներում, հրապարակներում, ինչպես նաեւ կենտրոնական փողոցներում։
«Օգոստոսը արձակուրդների ամիս է, շատերն են մեկնում քաղաքից դուրս կամ արտերկիր։ «Երեւանյան ամառ» ծրագրով մենք փորձում ենք հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր ամառային այս օրերը Երեւանում են անցկացնում, փորձում ենք նրանց առօրյան հետաքրքիր դարձնել։ Միջոցառումների մի մասի՝ հատկապես փողոցներում նախատեսված միջոցառումների մասին նախապես չենք տեղեկացնելու, որպեսզի երեւանցիների, ինչու ոչ, նաեւ քաղաքի հյուրերի համար անակնկալ լինեն»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Երեւանյան ամառ» ծրագրում ներգրավված են նաեւ թանգարաններ, մասնավորապես, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ցուցասրահը։ Այս թանգարանների մուտքը լինելու է անվճար, սակայն հատուկ թողարկված տոմսակներով, որոնք բաժանվելու են Երեւանի մարդաշատ վայրերում, սրճարաններում։ Արամ Սուքիասյանի խոսքով` տպագրվել են շատ մեծ քանակության տոմսակներ։





























